2014 թ. սեպտեմբերի 18-23-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և <Մարդը կարիքի մեջ> չեխական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել էր այցելության Ստոկհոլմ, Շվեդիա, որի նպատակն էր ծանոթանալ միգրանտների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման ոլորտում Շվեդիայի ունեցած փորձին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքից:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման նախարարություններից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայությունից և ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը ներկայացնում էր ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Այցելության ընթացքում հայկական պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու միգրանտների ինտեգրման Շվեդիայում գործող համակարգին ինչպես նաև վերադարձողների վերաինտեգրման ուղղությամբ գործող ծրագրերին: Ընդ որում երկու խնդրի վերաբերյալ էլ ներկայացվեց ինչպես պետական մարմինների այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությունը:
Լուսանկարը՝ smsmta.am-ի: