Վերահսկիչ պալատը սկսած 2008 թվականից վերահսկում է բյուջետային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը:
Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել էին.
- Չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ
- Անորակ աշխատանքներ
- Գների արհեստական թանկացումներ
- Նախագծային և շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ
- Թերի և սահմանված կարգի խախտումներով իրականացված տեխնիկական և հեղինակային հսկողություն և այլն:
Վերահսկողության արդյունքում խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերականգնել պետ.բյուջե, բացի այդ վերջիններիս կողմից վերացվել են նաև կատարված անորակ աշխատանքները: Վերահսկիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել է ոլորտում առկա խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված մի շարք առանցքային առաջարկություններ:
Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի 2013թ.-ի տարեկան հաշվետվության պարզվել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատը շարունակել է իր վերահսկողական աշխատանքները և արձանագրել է մի շարք խնդիրներ և թերություններ, մասնավորապես դպրոցաշինության ծրագրի շրջանակներում: Պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2006 թվականից սկսել է կրթական օբյեկտների շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը, որը շարունակվում է առ այսօր: Թվով 74 օբյեկտների համար կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքն է 33,031,584 հազար դրամ:
2006-2012թթ. ընթացքում ծախսվել է 17,032,943,546 հազար դրամ, սակայն որևէ օբյեկտի շինարարություն չի ավարտվել: 2013թ. ծախսվել է 5,753,863.6 հազար դրամ: 74 օբյեկտների շինարարությունը ավարտելու համար ըստ պայմանագրերի անհրաժեշտ կլինի ծախսել ևս 11,469,534 հազար դրամ:
Բացի վերը նշված գումարից, վերանախագծվող թվով 26 օբյեկտների տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքում հնարավոր է ծախսվեն ևս զգալի գումարներ:
Հաշվետու տարում Վերահսկիչ պալատն այլընտրանքային կարգով ստուգել է 11 կրթական օբյեկտ, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 878,400 հազար դրամ, որի շրջանակներում հսկիչ-չափագրման է ենթարկվել 407,900 հազար դրամի ծավալային աշխատանք:
Արձանագրվել է 4,982 հազար դրամի անորակ աշխատանք, ծավալային հավելագրում չի հայտնաբերվել: Ծավալային հավելագրումներ չեն հայտնաբերվել մարզպետարաններում և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ստուգված շինարարական աշխատանքներում: Մինչդեռ, նախորդ տարիներին այդ ցուցանիշը մշտապես բավականին բարձր է եղել: Նկատվում է դրական տեղաշարժ:
Վերահսկիչ պալատի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում: Ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները: Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը:
Վերլուծությունները ցույց են տալիս նաև, որ շինարարության ոլորտում դեռևս առկա են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր, որոնք, հատկապես արտացոլված և կենտրոնացված են շինարարության ծրագրավորման և նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաև շինարարության անկատար և ոչ կենսունակ հսկողության համակարգերում: