Զոհված զինվորների ծնողներն ամեն տարի պարտադիր բուժզննումներ կանցնեն

Զոհված զինվորների ծնողներն առաջիկայում ամեն տարի հնարավորություն կունենան հետազոտվել իրենց պոլիկլինիկաներում։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախախարության մամլո ծառայությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների մայրեր Հասմիկ Մելիքյանին և Սոնա Փաշինյանին։ Նախարարը հետաքրքրվել է, թե նման ընտանիքները բժշկական ծառայություններից օգտվելու հետ կապված ինչ խնդիրներ, դժվարություններ և առաջարկներ ունեն։ Անկաշկանդ զրույցի ընթացքում մայրերն իրենց գոհունակությունն են հայտնել ուշադիր ու հոգատար բուժաշխատողներից, բայց և հարկ են համարել նշել, որ երբեմն առերեսվում են անհարգալից եւ ոչ բարյացակամ վերաբերմունքի հետ։

«Դժվար է նայել զինվոր զավակ կորցրած մայրերի աչքերի մեջ։ Մենք բոլորս պարտք ունենք ձեր հանդեպ։ Դուք չպետք է խնդրողի դերում լինեք։ Նախարարությունը հատուկ ծրագիր կմշակի, համաձայն որի զինվոր զավակ կորցրած ծնողներին իրենց պոլիկլինիկաներից ամեն տարի կհրավիրեն պարտադիր որոշակի հետազոտություններ անցնելու։ Իսկ բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպվեն նաեւ բժշկական ավելի մեծ ծավալի ծառայություններ», – ասաց նախարարը։

Զոհված զինծառայողների ծնողների ամենամյա բուժզննումները կազմակերպելու նպատակով նա նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարականներ է տվել։ Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև մայրերի կողմից հնչած դժգոհությանը` խնդրելով անհարգալից վերաբերմունքի կոնկրետ փաստերի մասին տեղեկացել։ Նա խոստացել է, որ նման յուրաքանչյուր դեպքի նկատմամբ խիստ ու կտրուկ վերաբերմունք կլինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել