ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ ՀՀ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում պետք է նվազեցվեն սահմանված տուգանքների չափերը:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկավոր է նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ 4 անգամ: Բացի այդ, առաջարկվում է նաև հիշյալ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքերի համար ներկայումս սահմանված տուգանքի չափը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասով՝ 8 անգամ:
Օրենսդրական այս նախագիծը սահմանում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 3 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ 8 անգամ:
Այն մեկ տարվա ընթացքում առաջին և երկրորդ անգամ կրկնելու դեպքերերի համար ներկայումս սահմանված տուգանքների համապատասխան չափերը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասով՝ 4 անգամ:
Ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նշված խախտումը առաջին և երկրորդ անգամ կրկնելու դեպքերի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման ներկայումս սահմանված 5 և 10-օրյա ժամկետները ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար դարձնել համապատասխանաբար 2 և 5 օր:
Նախագծի նպատակը համեմատաբար ավելի ցածր տնտեսական ակտիվության մակարդակ ունեցող գյուղերում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է:
Թեև Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի օրենսդրական այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ տրված եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: