Միգուցե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ տեխնիկական մանրամասները շատ ավելի վաղ և ավելի մանրամասն պետք է ներկայացվեին հանրությանը, քան ներկայացվել են: Այս մասին Սահմանադրական դատարանում դատավոր Արևիկ Պետրոսյանի հարցին ի պատասխան նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Դատավորը հարց ուղղեց, թե արդյոք կենսաթոշակային այս նոր համակարգի ներդրման հետ կապված անվստահության և անորոշության մթնոլորտը կապված է ոչ պատշաճ իրազեկման հետ և Կենտրոնական բանկի կողմից իրազեկման հետ կապված կատարվե˚լ են պատշաճ գործողություններ:
«Համակարգը, դիզայն արվել է այնպես, որպեսզի արդեն ջուրը մտնելիս կարողանանք աստիճանաբար լողալը սովորել և այդ համակարգը տանենք, տեղ հասցնենք»,- հայտնի անեկդոտի օրինակով ասաց Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը իրազեկումներ իրականացրել է՝ այցելելով գործատուներին, հաշվապահներին, սակայն իր փորձն ընդհանրապես ցույց է տալիս, որ իրազեկումը միշտ բավարար չէ: