Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել։ Այդ մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։
«Հրապարակ օրաթերթ»-ում այսօր հրապարակված «Տեխզննման մութն ու ստվերը. ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ» վերտառությամբ հրապարակման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և դասական օրինակ է լրատվամիջոցի կողմից պետական մարմնի ոլորտում օրինականության ապահովման, ծառայությունների որակի բարձրացման և սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումն անհիմն և կամայական մեկնաբանության և փաստերի խեղաթյուրման:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզավորումը, լիցենզիաների կասեցումը և դադարեցումը իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցների պատշաճ տեխնիկական զննության անցկացումը ուղղակի առնչվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից քաղաքացիներին պատշաճ ծառայությունների մատուցումը և լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանումն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշտադիտարկման (մոնիթորինգի) է ենթարկվում տեխնիկական զննության գործընթացը և մշտադիտարման ընթացքում հայտնաբերված տվյալները տրամադրվում են տեսչական մարմնին։
Տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքների հիման վրա Նախարարությունում հարուցված վարչական վարույթների ընթացքում կասեցվել են այն լիցենզավորված կազմակերպությունների լիցենզիաների գործողությունները, որտեղ հայտնաբերվել են լիցենզիայի պայմանների և պահանջների խախտումներ, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը և կազմակերպությունը կարող է վերականգնել լիցենզիայի գործողությունը՝ վերացնելով կասեցման հիմք հանդիսացող պատճառը։
Հոդվածում առկա է միմյանց հակասող և առանց վկայակոչման անհեթեթ պնդում առ այն, որ ՏԿԵ նախարարությունը վերաձևում է գործունեության դաշտը, հին կայանները դուրս են մղվում՝ փոխարինվելով նախարարի մերձավոր շրջանակի անձանցով, միաժամանակ նշելով, որ նույն անձինք հաշված օրերի ընթացքում նոր լիցենզիա են ստանում։
Նախարարությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում շարունակելու է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտում նախաձեռնած բարեփոխումները` անկախ իրականացվող գործողությունները խեղաթյուրելու նմանատիպ փորձերի,- ասված է հաղորդագրության մեջ։։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել