Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկում, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներին, ինչպես նաև լրացուցիչ հրապարակային տեղեկություններին։
Մասնավորապես՝
- հայտարարագրերի ձևանմուշներում ներառվել են նոր բաժիններ՝ կրիպտոակտիվների, այդ թվում՝ փաստացի տիրապետվող կրիպտոակտիվների հայտարարագրման համար,
- սահմանվել է այդ տվյալների հրապարակման (տրամադրման) ենթակա լինելը,
- և հստակեցվել են լրացուցիչ հրապարակային տեղեկությունների տրամադրման պայմանները։
Նախագիծը նաև համահունչ է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված N 666-Ն որոշմանը, որով հայտարարագրերի ձևերի վերջում ավելացվել էր «Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ» դաշտը։ Նոր նախագծով նախատեսվում է հստակեցնել այդ դաշտում լրացվող տվյալների հրապարակման կարգը։
Փոփոխությունները ներառում են՝
- նոր ենթակետեր, որոնք վերաբերում են հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կրիպտոակտիվների վերաբերյալ տվյալներին,
- տվյալների հստակեցում, ներառյալ՝ սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանուն, ձեռքբերման ամսաթիվ, եղանակ, արժեք, արժույթ, գործարքի մյուս կողմի տվյալներ և առևտրային հարթակի օպերատորի անուն,
- լրացուցիչ ենթակետեր՝ հայտարարատուի կամ նրա ընտանիքի անդամների լրացուցիչ հրապարակային տեղեկությունների համար։
Այսպիսով, նախագիծը ապահովում է կրիպտոակտիվների վերաբերյալ նոր տեղեկատվության ներառումը և դրանց հրապարակայնացման իրավական հստակեցումը։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթներից։
Նշված օրենքով պաշտոնատար անձանց հայտարարագրման պարտավորությունների շրջանակում սահմանվել է կրիպտոակտիվների հայտարարագրման անհրաժեշտությունը։
Հետևաբար, անհրաժեշտ է եղել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման հավելվածում, որը սահմանում է հայտարարագրերում հրապարակման ենթակա տվյալների ցանկը։
Նախագծի նպատակն է հստակեցնել, թե որ տվյալներն են ենթակա հրապարակման, ինչպես նաև ապահովել նոր դաշտերի միջոցով հայտարարագրերի թափանցիկությունն ու համապատասխանությունը օրենսդրական փոփոխություններին։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ակնկալվող արդյունքը․
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը։
Որոշման նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է ravaban.net-ը։