Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է փոփոխել և լրացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի ձևերը՝ ներառելով նոր բաժին, որը վերաբերում է կրիպտոակտիվներին։
Մասնավորապես՝
- Որոշման N 1 և N 2 հավելվածները լրացվում են նոր Բ 4․1-րդ բաժնով, որը ներառում է հետևյալ դրույթները․
- կրիպտոակտիվներ, այդ թվում՝ արտերկրում գտնվող,
հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին - պատկանող կրիպտոակտիվներ, կամ կրիպտոակտիվներ, որոնցից փաստացի օգուտ է ստանում կամ դրանք տնօրինում է հայտարարատուն։
- Բացի այդ, «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» և «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» ձևանմուշների համապատասխան բաժիններում առաջարկվում է «ԳՈՒՅՔԸ» բառից հետո ավելացնել «, այդ թվում նաև՝ արտերկրում գտնվող» ձևակերպումը։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2025 թվականի մայիսի 29-ին ընդունված և հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-174-Ն օրենքով սահմանվել է, որ պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրվող տվյալների ցանկում ներառվում են նաև կրիպտոակտիվները։Մասնավորապես՝ օրենքի 40-րդ հոդվածի նոր 5․1-րդ կետով հստակեցվել է, որ հայտարարագրում պետք է ներառվեն տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա կրիպտոակտիվների մասին տեղեկությունները՝ դրանց անվանումը, ձեռքբերման ամսաթիվը, եղանակը, արժեքը, արժույթը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի տվյալները կամ առևտրային հարթակի օպերատորի անունը։
Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ հայտարարագրերի ձևանմուշներում՝ ապահովելու համար հայտարարատուների կողմից օրենքով սահմանված տվյալների ամբողջական հայտարարագրումը։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեումեկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝
- պաշտոնատար անձանց կողմից կրիպտոակտիվների հայտարարագրման պարտավորությունըլիարժեքորեն ապահովելու,
- հայտարարագրերի ձևերը համապատասխանեցնելու «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններին,
- և բարձրացնելու հայտարարագրման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը, տեղեկացնում է Iravaban.net-ը։