ՀՀ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենդրությունը ծավալուն փոփոխությունների կենթարկվի. մանրամասներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական փոփոխությունները

Օրենսդրական փաթեթով առաջարկվում են ծավալուն փոփոխություններ, որոնք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) գործառույթների ընդլայնմանը, կարգավորումների հստակեցմանը և ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավմանը:

  1. Զինվորական կոչումներից դասային աստիճաններին անցում

Առաջարկվում է ԱՀԾ ծառայողների համար կոչումների փոխարեն սահմանել դասային աստիճաններ:

  • Սահմանվում են 9 դասային աստիճաններ՝ «Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ»-ից մինչև «Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ»։
  • Սահմանվում են դասային աստիճանների շնորհման ժամկետները (օրինակ՝ իններորդ դասի հետախույզի համար՝ 1 տարի, ութերորդ դասի՝ 2 տարի և այլն)։
  • Դասային աստիճանների փոխարինումը նպատակ ունի խուսափել ԱՀԾ-ն զինվորական ծառայության հետ նույնացնելուց։
  1. Ծառայողների իրավունքների և լիազորությունների ընդլայնում

Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվում է կատարել մի շարք լրացումներ, որոնք ընդլայնում են ԱՀԾ գործառույթները:

  • Ծառայությունն իրավունք է ստանում ձերբակալել իր պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց
  • Ծառայությունը կարող է իրականացնել հակահետախուզական գործառույթներ սեփական անվտանգության ապահովման նպատակով
  • Ամրագրվում են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները
  1. Հեռախոսային հաղորդակցության վերահսկման իրավունք

Առաջարկվող փոփոխություններով ԱՀԾ-ն իրավունք է ստանում ինքնուրույն իրականացնելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում՝ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով:

  • Այս գործառույթի համար կպահանջվի դատարանի թույլտվություն։
  • Հրատապ դեպքերում ԱՀԾ-ն կարող է սկսել միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դատարանի որոշումը։
  • Սահմանված են հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ։
  1. Ծառայության պետի և աշխատակիցների կարգավիճակի հստակեցում

Նախագծով առաջարկվում է հստակեցնել Ծառայության պետի և նրա տեղակալների կարգավիճակը:

  • Ծառայության պետի և տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են և չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում։
  • Ծառայության պետի և տեղակալների պաշտոն կարող են զբաղեցնել միայն ՀՀ քաղաքացիներ։
  • Ծառայության ծառայողների համար նախատեսված իրավունքներն ու երաշխիքները տարածվում են նաև պետի և տեղակալների վրա։
  1. Կադրային քաղաքականության բարելավում

Նախագծով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ծառայողների առաջխաղացմանը, տեղափոխմանը և փոխադրմանը:

  • Սահմանվում է փորձաշրջանի ինստիտուտ (մինչև 6 ամիս)։
  • Կարգավորվում են բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակման հարցերը։
  • Սահմանվում են կադրերի ռեզերվում գտնվելու պայմանները։
  • Որպես խրախուսանքի միջոց ավելացվում է կարգապահական տույժի ժամկետից շուտ հանումը։
  1. Ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավում

Նախագիծը զգալիորեն ընդլայնում է ծառայողների սոցիալական երաշխիքները:

  • Ավելացվում է հայրության արձակուրդ (5 աշխատանքային օր)։
  • Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ կտրամադրվի նաև տղամարդ ծառայողներին։
  • Լրացուցիչ արձակուրդ է նախատեսվում երկարամյա ծառայության համար (15-25 տարվա համար՝ 10 աշխատանքային օր, 25 և ավելի տարվա համար՝ 15 աշխատանքային օր)։
  • Բարելավվում են ծառայողների կենսաթոշակային երաշխիքները։
  • Նախատեսվում է միանվագ նպաստի վճարում ծառայությունից ազատվելիս՝ կախված ծառայության տարիներից։
  1. Արտոնյալ կենսաթոշակի նշանակում

Փաթեթով առաջարկվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ:

  • Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ կնշանակվի նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում քաղաքացիական աշխատանք կամ տեխնիկական սպասարկում իրականացրած անձին, եթե լրացել է նրա 55 տարին և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 տարին աշխատել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հետևյալ գործոններով.

  1. Օրենքում բացահայտվել են մի շարք բացեր և անհստակություններ, որոնք խոչընդոտում են ծառայության արդյունավետ գործունեությունը։
  2. Առկա է Ծառայության և դրա աշխատակիցների պատշաճ գործունեությունն ապահովելու համար մի շարք իրավահարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտություն։
  3. Հստակեցման կարիք ունեն ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը։
  4. Դասային աստիճանների ներմուծումը կօգնի խուսափել զինվորական ծառայության հետ նույնացումից և դրանից բխող երկիմաստություններից։
  5. Ծառայության սոցիալական երաշխիքները պետք է համապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին և այլ մարմիններում առկա կարգավորումներին։
  6. Լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրումը բխում է Ծառայության գործառույթի առանձնահատկություններից և ծառայողներին ներկայացվող պահանջներից։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

  1. Կարգավորել օրենքում առկա բացերը, տալ հայտնաբերված խնդիրներին իրավական կարգավորում։
  2. Բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները։
  3. Ապահովել Ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։
  4. Բարձրացնել Ծառայության աշխատանքի արդյունավետությունը։
  5. Ապահովել Ծառայության ծառայողների համապատասխան սոցիալական պաշտպանությունը
  6. Հստակեցնել Ծառայության գործունեության իրավական հիմքերը։

Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ.-ի հոկտեմբերի 4-ին որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել էր Արտաքին հետախուզության ծառայության պետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել