Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում անցկացվեց հերթական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստի ընթացքում Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց իր, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրելը։ Նպատակը դրանից հնչող բարձր երաժշտությունը արգելելն է:
Ներկայացվեց նաև տուգանքի չափը նշյալ խախտումը կատարողների համար: «Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով և ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավման և տուգանային միավորի կիրառմամբ՝ 2 միավոր»,- ասաց Բագրատյանը: