Ինչպես Հակակոռուպցիոն դատարանից հաղորդում է Iravaban.net-ի լրագրողը, այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Հունան Պողոսյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Նրա հաղորդմամբ 2025 թվականի հունիսի 10-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գործ է ստացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Գործով պատասխանողը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանն է և նրա ընտանիքի անդամներ Նունե Պողոսյանը և Հովհաննես Պողոսյանը։
Գործը հունիսի 20-ից գտնվում է վարույթում։ Քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների հիման վրա:
Դատարանը արգելել է Հունան և Նունե Պողոսյաններին, իրենց պատկանող գույքի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, 217.080.442 ՀՀ դրամի չափով արգելանք է դրել նրանց պատկանող գույքի վրա։ Արգելվել է Հովհաննես Պողոսյանին տնօրինել AUDI Q5 50 E-TRON QUATTRO մակնիշի ավտոմեքենան։
Այսօր կայացած նիստի ընթացքում պաշտպանը խնդրեց իրենց տրամադրել գնագոյացման հաշվարկը և գույքի ապօրինի կամ օրինական դիտարկելու մասին համապատասխան փաստաթղթերը։ ԻՆչպես նաև նշեց որ հայցում, ըստ իրենց վրիպակ կա, քանի որ Հունան Պողոսյանի որդու փոխարեն նշված է եղբոր անունը։
Հանրային մեղադրողը խնդրեց որոշակի ժամանակ տրամադրել առաջ քաշված հարցին մանրամասն ծանոթանալու և պատասխանելու համար։
Հարց հնչեց նաև Հունան Պողոսյանի հանգուցյալ հորը պատկանող անշարժ գույքերի մասով, որպես իրական շահառու Հունան Պողոսյանին ճանաչելու վերաբերյալ։
«Հանգուցյալ Հրաչ Պողոսյանը ունի 3 զավակ, Հունան Պողոսյանը նրա որդիներից մեկն է, ունի ևս մեկ որդի Հրաչ Պողոսյանը և մեկ դուստր։ Ո՞ր կրիտերիաներով եք իրական շահառու համարել Հունան Պողոսյանին»,-ասաց պաշտպանը։
Պատասխանողը նշեց հիմքերը, նշեց, որ Հրաչ Պողոսյանի բավարար եկամուտների բացակայությունը և Հունան Պողոսյանի՝ այդ ժամանակ արդեն իսկ պետական պաշտոն զբաղեցնելը հիմք են հանդիսացել նման որոշման։ Այս հարցին պատասխանելու համար ևս մեղադրողը նշեց, որ հետագայում ավելի մանրամասն կներկայացնի։
Գործի քննությունը հետաձգվեց, գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 11-ին, ժամը 16։00-ին։