Հայաստանի հակակոռուպցիոն համակարգը դեռևս լուրջ մարտահրավերների առջև է կանգնած. Սյուզաննա Սողոմոնյան

2025 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած Ժողովրդավարության  հայկական ֆորումի ընթացքում «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» թեմատիկ քննարկման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավար, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտի առանցքային խնդիրները:

Հակակոռուպցիոն փորձագետն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքին, նշելով, որ այն էականորեն չի տարբերվում ավանդական քննչական մարմիններից, մինչդեռ արդյունավետ կլինի առավել մեծ ուշադրություն դարձնի ռազմավարական պլանավորմանը, մոնիթորինգին և գնահատմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանը:

Նա անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, կազմի համալրմանը և ռեսուրսների սակավության խնդրին: Հանձնաժողովի գործառույթները պարբերաբար ավելանում են, մինչդեռ հատկացված ռեսուրսները չեն համապատասխանում դրանց արդյունավետ իրականացման պահանջներին: Բացի այդ, հանձնաժողովը երկար ժամանակ գործել է ոչ լիակազմ՝ նախատեսված հինգ անդամի փոխարեն ունենալով երեք, այնուհետև՝ չորս անդամ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության մասին խոսելիս Սյուզաննա Սողոմոնյանը մատնանշել է կադրային հոսունության խնդիրը: Վարչությունը, որն ի սկզբանե ուներ ինը դատախազ, ներկայումս կորցրել է դատախազների մեծ մասը, ինչը հարցեր է առաջացնում պրակտիկայի շարունակականության և պատշաճ փոխարինող կազմի վերաբերյալ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավարը անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը, նշելով նիստերի ոչ պարբերականության մասին։ Բացի այդ, խորհրդի օրակարգերի ձևավորման գործում քաղաքացիական հասարակության առաջարկները հաճախ չեն ընդգրկվում:

Միևնույն ժամանակ Սյուզաննա Սողոմոնյանը դրական է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, մասնավորապես ազդարարման համապետական արշավի, հասարակական մոնիթորինգների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի բարելավման ուղղություններով: Ֆորումին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ,օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ:

Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել