Սեպտեմբերի 20-ին Ֆրանկֆուրտից Երևան մեկնող Lufthansa ավիաընկերության LH1560 չվերթի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Վիեննայում։
Iravaban.net–ի հետ կապ հաստատած ուղևորների փոխանցմամբ, ներկայումս տասնյակ հայ ուղևորներ անորոշության մեջ սպասում են Վիեննայի միջազգային օդանավակայանում: Ուղևորների փոխանցմամբ, դեռևս պարզ չէ, թե ինչ եղանակով են նրանք շարունակելու իրենց ճանապարհը դեպի Երևան։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ուղևորներից շատերը ֆինանսական միջոցների և Շենգեն վիզայի խնդիրներ ունեն: Վիեննայի օդանավակայանի վարչակազմը ուղևորներին առայժմ տրամադրել է միայն խմելու ջուր, բարձեր և վերմակներ, սակայն չի առաջարկել կացարան կամ տեղափոխության այլընտրանքային տարբերակներ:
«Մենք արդեն 6 ժամից ավելի է, ինչ գտնվում ենք օդանավակայանում, և ոչ ոք մեզ հստակ տեղեկություն չի տրամադրում: Շատերը չունեն Շենգեն վիզա և չեն կարող դուրս գալ օդանավակայանից, իսկ ոմանք բավարար գումար չունեն այլընտրանքային չվերթի տոմս գնելու համար», – նշեց ուղևորներից մեկը:
«Զվարթնոց» օդանավակայանից Iravaban.net–ը տեղեկացավ, որ չվերթը պաշտոնապես չեղարկվել է, սակայն այլընտրանքային չվերթի մասին տեղեկություն դեռևս չկա:
Դեռևս հայտնի չէ, թե ավիաընկերությունն ինչ քայլեր է ձեռնարկելու ուղևորների տեղափոխությունն ապահովելու ուղղությամբ: Ըստ ուղևորների՝ Lufthansa-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:
Հետևեք մեր թարմացումներին:
Թարմացում – 1 (11:11): Վիեննայի օդանավակայանում քիչ առաջ կազմակերպվել է չվերթի ուղևորների նախաճաշը։ Վիեննայի օդանավակայանում գտնվող ուղևորներից մեկը տեղեկացրեց Iravaban.net-ին, որ Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են նրանց, որ ժամը 16:30-ին ուղևորները տեղափոխվելու են հետ՝ Ֆրանկֆուրտ: «Հենց նոր ասացին, որ 16:30 թռնում ենք հետ Ֆրանկֆուրտ, հետո այնտեղ պարզ կլինի», – փոխանցեց ուղևորը: Ըստ ուղևորի ներկայացմամաբ նաև պարզվել է, որ անսարք ինքնաթիռը վայրէջք է կատարել Վիեննայում, այլ ոչ թե Գերմանիայում, քանի որ գիշերը Գերմանիայի օդանավակայանները փակ են: