Մակրոնները կներկայացնեն «գիտական ապացույցներ» ամերիկյան դատարանում՝ հաստատելու, որ Բրիջիթ Մակրոնը կին է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, պատրաստվում են լուսանկարչական և գիտական ապացույցներ ներկայացնել ԱՄՆ-ի դատարանում՝ ապացուցելու, որ տիկին Մակրոնը կին է։ Ինչպես տեղեկացնում է Iravaban․netը, այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը: Ըստ փաստաբանի՝ Ֆրանսիայի նախագահական զույգը այս փաստաթղթերը կներկայացնի աջակողմյան ազդեցիկ բլոգեր Քենդիս Օուենսի դեմ ներկայացված զրպարտության հայցի շրջանակում։ Օուենսը պնդում է, որ Բրիջիթ Մակրոնը ծնվել է տղամարդ։

Տիկին Օուենսի փաստաբանները դիմել են դատարան՝ հայցը մերժելու միջնորդությամբ։

Մակրոնների փաստաբանը նշել է, որ այս մեղադրանքները «չափազանց վշտացնող» են եղել Բրիջիթ Մակրոնի համար և «շեղում» են առաջացրել Ֆրանսիայի նախագահի համար։ «Չեմ ուզում ասել, որ դա ինչ-որ կերպ խանգարել է նրան։ Բայց ինչպես ցանկացած մարդու, ով համատեղում է կարիերան և ընտանեկան կյանքը, երբ ձեր ընտանիքը հարձակման է ենթարկվում, դա ազդում է ձեզ վրա։ Եվ նա անձեռնմխելի չէ դրանից, քանի որ երկրի նախագահ է», – ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ «գիտական բնույթի փորձագիտական ցուցմունք կտրամադրվի», որը կապացուցի մեղադրանքների կեղծ լինելը։ Նա նաև հաստատել է, որ գոյություն ունեն Բրիջիթի հղիության և երեխաների դաստիարակության լուսանկարներ, որոնք կներկայացվեն դատարանում։

Ֆրանսիական զույգը նախկինում արդեն հաղթել էր Ֆրանսիայում ընթացող զրպարտության գործով՝ ֆրանսիացի բլոգերներ Ամանդին Ռոյի և Նատաշա Ռեյի դեմ 2024 թվականին, սակայն այդ որոշումը բեկանվել էր բողոքարկման արդյունքում 2025 թվականին՝ արտահայտվելու ազատության հիմքով, այլ ոչ թե ճշմարտության հիմքով։ Մակրոնները բողոքարկում են այդ որոշումը։

2024 թվականի մարտին Օուենսը հայտարարել էր, որ «կդնի իր ողջ մասնագիտական հեղինակությունը» այդ պնդման վրա։ ԱՄՆ-ում հանրային անձանց զրպարտության գործերում հայցվորները պետք է ապացուցեն «իրական չարամտությունը»՝ այն, որ պատասխանողը գիտակցաբար է տարածել կեղծ տեղեկատվություն կամ անփույթ է եղել ճշմարտության նկատմամբ։

Հուլիսին Մակրոնները զրպարտության հայց են ներկայացրել Օուենսի դեմ ԱՄՆ-ում։ Այն պնդում է, որ նա «անտեսել է բոլոր հավաստի ապացույցները, որոնք հերքում են նրա պնդումը»։

Օգոստոսին Էմանուել Մակրոնը բացատրել է ֆրանսիական Paris Match ամսագրին, թե ինչու են որոշել դատական հայց ներկայացնել։ «Սա իմ պատիվը պաշտպանելու մասին է։ Քանի որ սա անհեթեթություն է։ Սա մի մարդ է, ով լավ գիտեր, որ ունի կեղծ տեղեկատվություն և արել է դա վնաս պատճառելու նպատակով, գաղափարախոսության ծառայության մեջ և ծայրահեղ աջակողմյան առաջնորդների հետ հաստատված կապերով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել