Չթույլատրված վայրում աղբ թափելու համար որքա՞ն տուգանք է սահմանված

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի Հոդված 43.1-ը սահմանում է պատասխանատվություն աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու, ինչպես նաև չսահմանված վայրերում թափոններ թափելու համար։

Ի՞նչ է համարվում խախտում

Խախտում է համարվում՝

  • Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը։
  • Չսահմանված վայրերում երեք խորանարդ մետր և ավելի աղբի կուտակումը:
  • Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացելը։
  • Սխալ տեղեկատվության ներկայացումը համայնքի ղեկավարին աղբահանության ծառայություններից օգտվելու վերաբերյալ։
  • Սպառման, շինարարական, կենսաբանական կամ խոշոր չափերի թափոնների թափումը չնախատեսված վայրերում։
  • Թափոնների հեռացումը ջրային համակարգերում կամ սանիտարական գոտիներում։
  • Տրանսպորտային միջոցից աղբ նետելը։
  • Աղբավայրերում թափոնների բաց այրումը։
  • Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության։
  • Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը։
  • Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխան միջոցներ չձեռնարկելը։
  • Աղբավայրերի, աղբի հավաքման կենտրոնների և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության։
  • Պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարաներում պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում։
  • Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելը։
  • Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելը

Տուգանքի չափերը

  • Ֆիզիկական անձանց համար՝ տուգանքները տատանվում են նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև ութսունապատիկի չափով՝ կախված խախտման տեսակից։
  • Իրավաբանական անձանց համար՝ տուգանքները կարող են հասնել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։
  • Կրկնվող խախտումների դեպքում տուգանքները նշանակվում են կրկնապատիկ չափով։

Նշում. Տուգանքի չափը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Գործող օրենքով հաշվարկային միավորը սահմանվում է 1 000 դրամ։

Հնարավոր հետևանքներ

  • Աղբի թափումը ոչ սահմանված վայրերում առաջացնում է ոչ միայն իրավական պատասխանատվություն, այլև վնասում է շրջակա միջավայրին և բնակիչների առողջությանը։
  • Կրկնվող խախտումների դեպքում տուգանքները զգալիորեն ավելանում են։
  • Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով արձանագրված փաստերը կարող են ծառայել որպես ապացույց։
  • Եթե խախտումը վերացվում է հայտնաբերումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացվում են համապատասխան ապացույցներ, ապա անձը կարող է ազատվել տուգանքից։

Ի՞նչ պետք է հիշել

Աղբահանության կանոնների պահպանումը պարտադիր է յուրաքանչյուրի համար։ Այն ուղղված է ոչ միայն օրենքի պահանջներին հետևելուն, այլև շրջակա միջավայրի մաքրությանը և հասարակության առողջության պաշտպանությանը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել