ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է այն դեպքերի և պայմանների մասին, երբ մահացած նպաստառուի կամ կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ։
Ո՞ր դեպքերում է տրվում թաղման նպաստը
Թաղման նպաստ նշանակվում և վճարվում է, եթե․
- մահացել է նպաստառուն կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամը,
- մահացել է հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը, որը չի ներկայացել կամ չի հասցրել ներկայանալ ֆունկցիոնալության կրկնակի գնահատման,
- մահացել է այն անձը, որը ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ և ունեցել է նպաստի իրավունք, սակայն դեռ չի դիմել նպաստի նշանակման համար,
- մահացել է կենսաթոշակառուն կամ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, որը չի հասցրել ներկայանալ կամ դիմել ֆունկցիոնալության կրկնակի գնահատման,
- ծառայությունից սահմանված կարգով արձակված հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
Ո՞ր դեպքերում թաղման նպաստ չի վճարվում
Թաղման նպաստ չի տրամադրվում, եթե․
- մահացել է նպաստառուն կամ կենսաթոշակառուն, որը բնակվել է սոցիալական պաշտպանության հաստատությունում, և հուղարկավորությունը կազմակերպել է հենց այդ հաստատությունը։
Որտե՞ղ և ե՞րբ է անհրաժեշտ դիմել
- Թաղման նպաստի համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում,
- նպաստառուի մահվան դեպքում դիմումը ներկայացվում է տարածքային սոցիալական աջակցության կենտրոն,
- կենսաթոշակառուի մահվան դեպքում դիմումը ներկայացվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։
Թաղման նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմումը, որում նշվում է բանկի անվանումը (որտեղից անձը ցանկանում է ստանալ թաղման նպաստը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
- անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.
- մահվան վկայականը (եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ) կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով.
- եթե մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում`ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին ՀՀ -ում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):
- հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման չներկայացած անձի մահվան դեպքում, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը՝ կրկնակի գնահատման չներկայանալու մասին:
- հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:
Ի՞նչ պայմաններով է նշանակվում թաղման նպաստը
- Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է ՀՀ-ում կամ մահը գրանցվել է ՀՀ տարածքում։
- Նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։
- Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստը կարող է վճարվել առանց ժամկետի սահմանափակման։
Որքա՞ն է կազմում թաղման նպաստը
- Թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը։
- Սահմանված նպաստի չափը չի կարող պակաս լինել նախկինում սահմանված չափից։
Կարևոր է իմանալ
- Թաղման նպաստը ստանում է այն անձը, ով փաստացի իրականացրել է հուղարկավորությունը։
- Օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ ժամկետը խախտելու դեպքում նպաստ չի նշանակվի։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։