«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Օսիկյանը հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի և նրա տնօրեն Նազելի Վարդանյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտական տեղեկությունները և 1 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձել՝ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործարար համբավին և Արամ Օսիկյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի համար։
Գործը դատարան է ստացվել օգոստոսի 7-ին և մակագրվել դատավոր Արմինե Սաֆարյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցի հիմքում դրված են այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների ուսումնասիրության մասին հանրային լսումների ընթացքում, որոնք կայացել են 2025թ․ հուլիսի 7-ին։
Հայցվորը պահանջում է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամանակահատվածում հրապարակային՝ նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում, հրապարակային տեսաուղերձի միջոցով հերքել Հայցվորներ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի և Արամ Օսիկյանի հասցեին հնչեցված զրպարտություն հանդիսացող արտահայտությունները՝ տեսաուղերձը տեղադրելով Նազելի Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև youtube.com և cvmedia.am հարթակներում։