«18 արդարների գործով բոլոր մեղադրյալները քաղաքական պատանդառության մեջ են»․ այսպես է որակում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց վերաբերյալ քրեական գործը։
Խոսելով իր պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի մասին՝ նա նշեց․ «Միակ ապացույցը Արմեն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված վիդեոբլոգն է, որտեղ նա ձվածեղ է պատրաստում և Նիկոլ Փաշինյանին սովորեցնում։ Ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել եմ մեղադրական եզրակացության այդ հատվածը, որտեղ բառացի մեղադրանքի կողմը սա դիտարկել է որպես ահաբեկչությանը նախապատրաստելու փորձ, և այս ապացույցը դրել մեղադրանքի հիմքում»։
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը խոսել է պաշտպանության կողմի հետագա քայլերի մասին՝ մեկ անգամ ևս շեշտելով․ «Արևմուտք ձգտող ժողովրդավար հասարակությունը չի կարող իրեն այսպիսի ճոխություն թույլ տալ, ունենալ 18 քաղաքական պատանդներ։ Գործը պետք է գտնվի և՛ ԱՄՆ դեսպանատան, և՛ ԵՄ պատվիրակության հատուկ հոգածության ներքո»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործը քննվում է Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Դատարանում այս փուլում քննարկվում է մեղադրյալների խափանման միջոցների փոփոխման հարցը։