Օգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը և բռնկվել:
Վարորդը և ուղևորն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Ուղևորին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել է ավտոմեքենան»,-նշված է հաղորդագրության մեջ։