Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնք հաջորդել են վաշինգտոնյան բանակցություններին:
Բադալյանն X–ի իր միկրոբլոգում գրել է. «Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները»:
ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պատմական իրադարձության, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ողջունելու և գործընթացին աջակցելու համար։ Խոսնակը հիշեցրել է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են հռչակագրի իրականացման և վստահության ամրապնդման միջոցառումները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։