Միքայել Աջապահյանի նկատմամբ ընտրված կալանավորումը կպահպանվի։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երեւանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեփյանը՝ այդպիսով մերժելով պաշտպանների միջնորդությունը։
«Դատարանի գնահատմամբ՝ պաշտպանական կողմի բերած փաստարկները համոզիչ չէին, եւ այդ հիմքով կալանքից ազատելու միջնորդությունը հիմնավոր չէ եւ ենթակա է մերժման։ Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը ընտրվել է՝ հիմքում ունենալով այն մտահոգությունը, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է կատարել նոր հանցանք, այդ որոշումը նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից է ստուգվել եւ արձանագրվել է, որ այդ խափանման միջոցն է տվյալ դեպքում պիտանի։
Քրեական գործի նախաքննության ավարտը եւ այն դատարան ուղարկելու փաստն ինքնին այդ հիմքի չեզոքացման մասին չեն կարող վկայել, որպիսի պայմաններում կալանքը պետք է պահպանվի։ Միաժամանակ հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը՝ այն կերկարաձգվի 10 օր ժամկետով՝ սահմանափակումների պահպանմամբ»,– ասաց նա։