Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանը, 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ ԵԴ1/0372/01/24 որոշմամբ, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը և այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա։ Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը։

Անդրադառնալով քննարկվող հանցակազմի սուբյեկտին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն հատուկ է, քանի որ բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, անձը պետք է օժտված լինի նաև լրացուցիչ հատկանիշներով, այն է՝ լինի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված կամ վարելու իրավունքը կասեցված ֆիզիկական անձ:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար, անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը պետք է հաստատված լինի իրավաչափ վարչական ակտով։
Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/…/preceden…/criminal-case/2949

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել