Նախկինում քաղցկեղ ունեցող այս պահին կալանավոր Աղվան Արշակյանի վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Թեմային ոչ միայն ինտենսիվորեն անդրադառնում է Արշակյանի փաստաբան Վարազադատ Հարությունյանը, այլև մի շարք հանրային և քաղաքական գործիչների դիտակետում է այն։
Արշակյանի կալանքին անդրադարձել է նաև «Իմնեմնիմի» հաղորդումը՝ ներկայացնելով նրան կալանքի որոշում տված դատավորի լուսանկարը։ Հաղորդման ընթացքում հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը ոտքով հարվածի փորձ է անում դատավորի լուսանկարին։
Այս իրադարձությունների վերաբերյալ Iravaban.net-ը պարզաբանում է խնդրել Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանից։
«Հաղորդման տվյալ դրվագը դուրս է ցանկացած բնույթի մեկնաբանությունից։ Անթույլատրելի է ոչ միայն դատավորի, այլև առհասարակ ցանկացած մարդու վերաբերյալ նման դրսևորումը։ Դատապարտելի այս պահվածքը, չունի որևէ արդարացում, ուստի չեմ ցանկանում դրա վերաբերյալ բացասական որակումների չընդհատվող շարքով հանդես գալ»,-նշեց Խաչատրյանը։
Մեր այն հարցին, թե ինչու է դատավորը մերժել վատառողջ մարդու խափանման միջոցը փոխելու միջնորդությունը վարույթ ընդունել՝ դեպարտամենտի խոսնակը նշեց, որ քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջով հրապարակել է, որ իր արած ենթադրությունը, թե իբր Դատարանը մերժել է իր միջնորդությունը վարույթ ընդունել, քանի որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը։
«Նկատենք, որ փաստաբանն ինքն է իր էջում նշում, որ մերժման պատճառը բովանդակային չէ, այլ՝տեխնիկական։ Ուստի կարծում եմ, որ հարցազրույցներ տալուց առաջ, նախ պետք է ծանոթանալ որոշմանը և առաջնորդվել միայն դրանով, այլ պարագայում շփոթություն է առաջանում մարդկանց մեջ և գուցե դրա պատճառով ունենում ենք հենց Ձեր կողմից հիշատակված հաղորդման տվյալ դրվագը, ինչը, կրկնեմ, չունի ոչ մի արդարացում»,-նշեց նա։
Ծովինար Խաչատրյանը հավելեց, որ հենց փաստաբանն իր տեքսոտում ասում է, որ դատավորն ինքն էր սահմանել անհապաղ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր։
«Ի սրտե առողջություն եմ մաղթում Աղվան Արշակյանին, նաև ասեմ, որ իմ կարծիքով այն դատավորը, ով անհապաղ բժշկական փորձաքննություն է նշանակում, հաստատ չի կարող անտարբեր գտնվել առողջությունը վատթարացած մարդու հանդեպ, ինչը ոչ ազնիվ ձևով փորձում են վերագրել նրան»,-ասում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։