Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել էր նախագծերի փաթեթ, որոնցով առաջարկվում էր լրացումներ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում։
Առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում ավելացնել, որ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ, երբ առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։
«Էներգետիկայի մասին» օրենքում էլ խմբակցությունն առաջարկում է կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված ավելացնել։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։
Հարկ է նշել, որ նախագծերի փաթեթը հրատապ կերպով քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասել էր․ «ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի (պետականացվի)։