Ջերմատնային տնտեսության զարգացման ծրագիր՝ նորարար «Նեքսուս» մոդելով

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։ 

«Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերում։ Այս պիլոտային ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում։

Հիմնվելով 2023–2024 թվականներին հաջողությամբ իրականացված ջերմատնային ծրագրերի փորձի վրա՝ այս փուլում կձևավորվի ձեռներեցների խումբ (կլաստեր), որի անդամները կսովորեն միմյանցից և կգործեն միասին՝ կիսելով ռեսուրսները, նվազեցնելով ծախսերը և իրացնելով արտադրանքը, նաև՝ Գորիսում։ Նաև, մասնակիցները կստանան ինչպես ժամանակակից ջերմատնային տնտեսության վարման գործնական գիտելիքներ, այնպես էլ բիզնեսի և ձեռներեցության գիտելիքներ ու հմտություններ՝ իրենց ջերմատնային բիզնեսն արդյունավետ ու շահավետ կազմակերպելու համար։

Այս համագործակցությունը նպաստում է կայուն և ինքնաբավ տնտեսությունների ձևավորմանը՝ ի նպաստ ամբողջ տարածաշրջանի։ Բնակիչների համար սա նշանակում է՝

  • Շուկաների և եկամտի հնարավորությունների ընդլայնում,
  • Տնտեսական արժեքային շղթաների ավելի լավ ինտեգրում,
  • Նորարարությունների և ձեռնարկատիրության զարգացում,
  • Ավելի կայուն և համագործակցային զարգացման միջավայր։

Նեքսուս մոդելն օգնում է հաղթահարել գյուղական համայնքների տնտեսական մեկուսացումը և ձևավորում է երկարաժամկետ համատեղ աճի հարթակ։

Նեքսուսի կիրառումը պրակտիկայում. 

Ծրագրի շահառուները հնարավորություն կունենան հիմնելու և շահագործելու փոքրածավալ գյուղատնտեսական բիզնեսներ՝ հիմնված 150 քմ թունելային տիպի ջերմոցների վրա։ Ծրագիրը կտրամադրի՝

  • Ամբողջական ջերմոցային ենթակառուցվածք,
  • Գյուղատնտեսության և բիզնեսի զարգացման գործնական դասընթացներ,
  • Շարունակական խորհրդատվություն և գործընկերային համագործակցություն,
  • Տեղական ջերմոցային կլաստերին ինտեգրում, որը կապվում է Գորիսի շուկաների հետ։

Ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը կներառի՝

  • 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն,
  • անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ,
  • անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորումը, մարքեթինգը, ֆինանսները և գաղափարի ներկայացումը,
  • անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման մասով,
  • 450 հատ սածիլ և 8 տուփ սերմ՝ յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար,
  • 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն,
  • 50 էջանոց ձեռնարկ՝ ջերմատնային գյուղատնտեսության թեմայով,
  • մասնակցություն ջերմատնային կլաստերին՝ համատեղ գործունեության և շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։

Շահառուի ներդրումը կներառի՝

  • 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում՝ տեղադրման կազմակերպման համար։
  • Գումարը վերադարձվում է, եթե շահառուն տեղադրում է ջերմատունը սեփական ուժերով, համաձայնեցված ժամկետում։

Ծրագրին կարող են մասնակցել Վերիշեն կամ Ակներ բնակավայրերի 18 տարեկանից բարձր մշտական բնակիչները, ովքեր

  • ունեն առնվազն 200 քմ հարթ տնամերձ հողատարածք՝ ջրի և էլեկտրականության մշտական հասանելիությամբ,
  • պատրաստ են համաֆինանսավորմամբ ներդրում կատարել կամ սեփական միջոցներով իրականացնել ջերմատան տեղադրումը,
  • կարող են կազմակերպել սեփական ջերմատնային բիզնեսը,
  • պատրաստ են մասնակցելու բոլոր դասընթացներին և գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ,
  • պատրաստակամ են համագործակցել իրար հետ՝ կլաստերի շրջանակում։

Ծրագրի հիմնական փուլերը ներառում են

  • մեկնարկ՝ 2025 թ. հուլիսին,
  • դասընթացներ և ջերմատների տեղադրում՝ 2025 թ ամառ–աշնան սկիզբ,
  • սածիլների և սերմերի տրամադրում՝ 2025 թվաղ աշնանը,
  • խորհրդատվական աջակցություն՝ մինչև 2025 թ դեկտեմբեր։

Ծրագիրը նախատեսում է կազմակերպել մինչև 30 մասնակիցների ուսուցում, ինչպես նաև տրամադրել 20 ջերմատուն (յուրաքանչյուրը 150 քմ) Վերիշենից և Ակներից ընտրված շահառուներին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը ՝ https://sca.am/announcements/3856

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ հուլիսի 25-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել