Նոտար Ալվարդ Մելքոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել. Հրայր Թովմասյանի պարզաբանումը

«Խիստ եմ լինելու բոլոր նոտարների նկատմամբ, սակայն երբեք չեմ միջամտելու նրանց բուն գործունեությանը»,- այսօր ՀՀ նոտարական պալատի բացման արարողության ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով իր երեկվա հրամանին` Երեւանի «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, տեղեկացրեց. «Այս պարագայում սա ամենախիստ պատասխանատվությունն է, որը Արդարադատության նախարարը կարող է իրականացնել, մնացածը պետք է իրականացվի դատական կարգով»: Նախարարի փոխանցմամբ` նոտար Ալվարդ Մելքոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործն ընթանալու է 6 ամիս, եթե նոր հանգամանքներ պարզվեն, կլինի դատը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ այս դեպքը զգաստացնելու է բոլոր նոտարներին, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ունենք նաև օրենսդրության խնդիր` նոտարի համար պետք է սահմանվի 100 տոկոսանոց պատասխանատվություն իր կողմից վավերացված գործարքների համար: Կան խնդիրներ նաև կառուցվելիք բնակարանների առք ու վաճառքի պայմանագրի բովանդակային հիմքի հետ կապված: Սակայն նոտար Ալվարդ Մելքոնյանի դեպքում սխալներն ակնառու էին:
Արդարադատության նախարարը վերջում հավելեց, որ ցանկացած նման դեպքի հայտնաբերվելու ժամանակ ինքը կամայականության նշույլ թույլ չի տալու:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել