Արցախի հայի իրավական, քաղաքական բոլոր հարցերը խճճված ու անորոշ են․ Մարիամ Ավագյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Ցանցի անդամ «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի տնօրեն Մարիամ Ավագյանը Iravaban.net-ի հետ զրույցում շեշտեց, որ Արցախի հարցի հետ կապված անորոշություն կա և դա հատկապես առաջ եկավ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո։

«Կարծում եմ՝ դիտավորություն էլ կա, որ մինչ օրս արցախահայությունը հակասական պահերի շուրջ չի կարողացել համախմբվել։ Իր մեծ և բացասական դերն ունի Կառավարությունը, որը չունի հստակ մշակված ռազմավարություն։ Տպավորություն է, որ ամեն օր, ըստ տրամադրության, կորոշեն՝ այդ օրն ինչ ասել։ Արցախահայի համար իր անձնագիրը եզակի կապ է Արցախի հետ։ Շատերն այդպես են ընկալում։ Ասեմ, որ ներքին քաղաքականությունն այս առումով շատ փնթի է։ Կան արցախահայեր, որոնք ստացել են անձնագիր, բայց գրված է․ «Ծնվել է ԱՀ Հադրութի շրջանում»։ Դուք հասկանո՞ւմ եք՝ տպավորություն կա, որ պետական համակարգ կա, բայց այդ համակարգը փնթի է աշխատում»,-ասում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագիրը շանտաժի է վերածվել՝ տուն ես ուզում, քաղաքացի դարձիր․ «Անամոթաբար չենք ձևավորել գրագետ քաղաքական վերնախավ թե՛ կառավարական համակարգում, թե՛ ընդդիմադիր դաշտում։ Ողջ հայության ճակատագիրը պատահական մարդկանց դաշտում է լուծվել, դրա համար մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Արցախի հայի իրավական քաղաքական բոլոր հարցերը խճճված ու անորոշ են»։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել