Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն մահացել է։
«Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար»,-այս մասին գրառում էր կատարել «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը։
Պարզելու համար, թե գործի քննությունը ինչ փուլում է, Iravaban.net-ը հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե։
Մեզ հայտնեցին, որ Զաբել Կ․-ի մահվան դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։
«Ներկայումս քրեական վարույթով իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ, քրեական վարույթով ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակով անձ չկա»,-նշված էր պատասխան նամակում։
Մարիամ Անտոնյան