Շատ եմ ցավում, որ երեկ մահացել է վիրահատության համար ինձ դիմած բուժառուն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը։
«Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է, քանի որ նրա հարազատը շուրջ մեկ տարի առաջ ինձ մոտ վիրահատվել էր, ինչից հետո մեր միջև ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։
Խոսելը ծանր է, բայց մյուս կողմից՝ հանրությունն ակնկալում է պարզաբանում։
Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։
Խորապես ցավում եմ և կիսում հարազատների վիշտը»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ 56-ամյա կինն այդպես էլ գիտակցության չի եկել պլաստիկ վիրահատությունից հետո։ Նրան օրեր առաջ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում հենց տնօրենը՝ Արթուր Սարգսյանն է վիրահատել, հետո կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Կինը մահացել է հոկտեմբերի 8-ին։