«Հայաստանի հակակոռուպցիոն որևէ մարմնից ներկայացուցիչ չի եղել այդ կարևոր միջոցառմանը, ՀՀ-ն ներկայացրել է Հակակոռուպցիոն կոալիցիան»․ Կարեն Զադոյան

Անդրադառնալով հակակոռուպցիոն մարմինների ձևավորման համակարգերին, պետք է նշել, որ իրականացման փուլում բախվում ենք մի շարք խնդիրների, այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

«Բախվում ենք մի շարք խնդիրների։ Առաջինը՝ թափանցիկության, հաշվետվողականության, քաղաքացիական հասարակության իրական ներգրավման, այլ ոչ ձևական առումով։ Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում նախատեսվում է, որ մյուս տարի մշակվի մեխանիզմ, որպեսզի Ազգային ժողովում կատարվի կոմիտեի և՛ նախագահի, և՛ ղեկավարի ընտրությունները։ Ներկայումս Կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ է ձևավորվում, հետո ներկայացնում են թեկնածուներին, Կառավարությունն է հաստատում, իսկ տեղակալներին հաստատում է ՀՀ վարչապետը։ Ես նորից կրկնեմ՝ շատ կարևոր է այս բարեփոխումներն իրականացնելը, բայց նաև շատ կարևոր է որպեսզի հակակոռուպցիոն արժեքներից չշեղվեն այն մարմինները, որոնք կատարելու են այդ ընտրությունները։ Չլինի այնպես, որ հակակոռուպցիոն արժեքներից շեղվեն ու իրենց քիմքին, իրենց կուսակցական շահին, իրենց քաղաքական պահանջների ներքո ընտրեն մարդկանց, այլ ոչ թե պրոֆեսիոնալ, բարեվարք, արժանի կադրեր։ Այսպես ասենք՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, նույն այդ մարդկանց, որոնց իրենք ընտրում են, երբ կլինի իշխանության փոփոխություն, նույն այդ մարմինները նաև կգնան իրենց հետևից»,-նշեց նա։

ԻՀԱ նախագահի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կոչն է, որպեսզի բոլորը մնան հակակոռուպցիոն արժեքների, Սահմանադրության, օրենքների ճշգրիտ կատարման տիրույթում։ 

Կարեն Զադոյանն անդրադարձավ նաև հակակոռուպցիոն մարմիններում կադրերի ընտրությանը՝ նշելով, որ պետք է հարցին նայել երկու դիտանկյունից՝ ներգրավման և վերապատրաստոււմների, ինչեպս նաև կարողությունների զարգացման։

«Իհարկե ռազմավարությունը և իր գործողությունների ծրագիրը կոնկրետ ցուցանիշները սահմանում են։ Օրինակ` 2026 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական և օպերատիվ ծառայողների մասով ունենալ 80 տոկոս համալրում, ներկայումս, կարծեմ, այդ համալրումը 68 տոկոսի սահմաններում է, ըստ անցած տարվա առաջին կիսամյակի։ Ես կարծում եմ, որ այդ ամենը պետք է այդպես մեխանիկական չլինի, նախ ամենակարևորն է, որ արժանահավատ մրցույթներ լինեն, մասնագետները հավատան, որ եթե իրենք բարեվարք են, պրոֆեսիոնալ են, արժանի են, ապա իրենք պետք է ներգրավվեն այդ հաստիքներում։ Այսինքն, այդ միջավայրը և այդ պայմանները ապահովի պետությունը՝ հանձինս հակակոռուպցիոն մարմինների, եթե դա արվի, ապա կադրերի հոսք կլինի։ Շատ կարևոր է նաև իրենց գործունեության արդյունավետությունը, որովհետև կադրը գնում է այն համակարգ, որտեղ տեսնում է, որ իր ներուժը կարող է օգտագործել այդ համակարգով նախատեսված խնդիրները լուծելու համար։ Հիմա, եթե կադրերը տեսնեն այդ արդյունավետությունը, բնականաբար հոսքը կգնա։ Մյուս կարևոր պայմանը կադրերի համար պայմանների ապահովումն է։ Այսինքն, աշխատանքային պայմաններ, աշխատավարձերի, խրախուսումների, մասանգիտական աճի։ Եթե կադրերը չեն գնում, ուրեմն այս պայմաններն ամբողջությամբ չեն ապահովում, և այստեղ մտածելու քննարկելու կարիք կա»,-նշեց նա։

Կարեն Զադոյանն ասաց, որ ինքը տեսել է այլ երկրների փորձը և գտնում է, որ աշխարհի լավագույն հակակոռուպցիոն կրթական հաստատությունների հետ պետք է լինեն լուրջ, գործնական պայմանավորվածություններ, քանի որ նրանք փորձ և գրանցած հաջողություններ ունեն։

«Մենք պետք է կարողանանք նրանցից սովորել և դրա հիման վրա զարգացնել մեր կարողությունները։ Ես կարծում եմ, որ այդտեղ գիտելիքների ու կարողությունների աճի տեսանկյունից մենք բավական կաղում ենք և այստեղ լուրջ անելիքներ ունենք, իսկ դրա համար պետք է համագործակցել որոտային մասանգիտական կառույցների հետ, որոնք ունեն այդ փորձը, գիտելիքները, հնարավորությունները, կարողությունները։ Ես նկատի ունեմ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ իր մասնագիտական, փորձագիտական ներուժով»,-նշեց նա։

ԻՀԱ նախագահի խոսեց նաև շենքային պայմաններից՝ շեշտելով, որ Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Հակակոռուպցիոն կոմիտեն չունեն միջազգային չափորոշիչներով սահմանված շենքային և նյութատեղնիկական բազա։ Ըստ նրա՝ դա հիմնարար խնդիր է և պետք չէ ակնկալել, որ այդ պայմաններում այդ մարմինները կգործեն արդյունավետ։ 

Նա նաև անդրադարձավ Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովին Հայաստանի կողմից հակակոռուպցիոն որևէ մարմնի ներկայացուցիչ չունենալուն։ Գիտաժողովին մասնակցել են  Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը։

«Մեր կոալիցիայի ներկայացուցիչները, իմ գլխավորությամբ, հանդիպումներ են ունեցել և՛ Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և՛ Մալազիայի, և՛ Իտալիայի, և՛ Հունաստանի։ Ձեռք ենք բերել մի շարք պայմանավորվածություններ»,-նշեց նա։ 

Հանդիպման ընթացքում Կարեն Զադոյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, խնդիրները ու հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրել է համագործակցության հնարավոր մեխանիզմերը, այդ թվում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի իրականացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել