«Քաղաքապետը ոչ մի բանից տեղյակ չի եղել»․ Վարդան Ղուկասյանն առաջարկեց գործին ներգրավել Գյումրու գլխավոր ճարտարապետին 

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ևս 4 ամբաստանյալների գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող, դատախազ Թագուհի Հարությունյանը, մեղադրյալների պաշտպաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Արմեն Մաթևոսյանը, Գևորգ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Սպարտակ Ղուկասյանը և Վարդան Ղուկասյանը։

Նշենք, որ այս գործով պաշտպանության կողմն ի սկզբանե առարկել է նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը, այս նիստին ևս նախագահող դատավորը հայտնեց, որ չի թույլատրվում։

Հետազոտվեցին գրավոր ապացույցները, դրանք ներկայացրեց Շիրակի մարզի դատախազ Թագուհի Հարությունյանը, վերջինս գործում ներգրավվեց այս նիստով։

Գործում առկա գրավոր ապացույցները վերաբերում էին Գյումրի քաղաքի տարբեր տարածքների զննության արձանագրություններին։ 2021 թվականին առկա ապացույցներով զննության է ենթարկվել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգին։

Արձանագրությամբ ներկայացվել է տարածքի ընդհանուր տեսքը, այն շենք-շինությունները, որոնք առկա են եղել այնտեղ, այդ թվում՝ «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի շենքը։

Այնտեղ առկա պարսպի հատվածը որոշակիորեն փլված է եղել, ատրակցիոնների մեծ մասը չեն շահագործվել, ինչի պատճառով ճանապարհն այդ հատվածում անբարեկարգ է եղել։ Տարածքում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, շահագործվել է միայն «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի շենքը։

Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնեց, որ զբոսայգուն հարող տարածքում գտնվող կենտրոնի կողքին կան բետոնե կոնստրուկցիաներով պատրաստված շինություններ, ինչը պետության կողմից օրինական է համարվել․ «Այստեղ ո՞րն է էական, օազիսը բետոնե կոնստրուկցիաներով չի պատրաստված, այն մետաղական կոնստրուկցիաներով հավաքված ինչ-որ կառույց է, և չի համարվում անշարժ գույք։

Շատրվանը, որը գտնվում է օազիսի դիմաց, եղել է տարիներ շարունակ, այսինքն՝ այդ բետոնե հատվածը, որը հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ, եղել է խորհրդային տարիներին»։

Նրա պնդմամբ՝ զբոսայգում այդ բետոնե հատվածը կառուցելու հանգամանքը չի առնչվում ո՛չ Վարդան Ղուկասյանի և ո՛չ էլ՝ Գևորգ Ղուկասյանի հետ։ Զննություն է իրականացվել Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում, որտեղ առկա է եղել քարաշեն շինություն, աջ հատվածում՝ կանաչապատ տարածք։

Վարդան Ղուկասյանի պաշտպանը հայտարարեց՝ զննության արձանագրության մեջ առհասարակ չի նշվել, թե ինչ քրեական գործի համար է այն իրականացվել։ Պաշտպանության կողմը ներկայացված ապացույցի վերաբերյալ վիճարկեց տարածքում կանաչապատ հատվածի առկայության հանգամանքը, պաշտպանն ընդգծեց՝ այդ տարածքում մշտապես կառուցապատված շենքեր են եղել։

Նրա պնդմամբ՝ ճիշտ չէ կադաստրային քարտեզի վրա ձեռագիր գիծ քաշել և նշել կանաչապատ տարածք, ըստ այդմ՝ ուսումնասիրությունը պատշաճ չի իրականացվել։

Նշենք, որ գրավոր ապացույցներից մեկը ընթեռնելի չէր, նախագահող դատավորն ասաց՝ այդ ապացույցը հրապարակման ենթակա չէ, անհրաժեշտության դեպքում դատարան կներկայանա զննության արձանագրությունը կազմած քննիչը, կընթերցի իր գրածը։

Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 31-րդ հասցեի զննությամբ նշվել է, որ այնտեղ ազատ տարածք է եղել, ինչը չի սահմանափակվել հարևանությամբ կառուցված տարածքների շինություններից, իսկ մյուս հողատարածքները ծանրանաբեռնված են եղել այլ շինություններով։

Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպանն այս ապացույցի վերաբերյալ հայտնեց՝ իր վստահորդը նշված տարածքի հետ որևէ առնչություն չունի, այն օտարվել է բացառապես մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալ Վարդան Ղուկասյանը․ «Քաղապետարանն է քաղաքի հատակագծի տերը, ինքն իրավունք ուներ փոփոխություններ անելու, էդ կառույցների համապատասխան փաստաթղթերը ընդգրկելով․ կա՞ն էդ փաստաթղթերը, որ առգրավել է Դատախազությունը, ոչ մեկի մեջ չկա՞ն այդ փաստաթղթերըը, եթե չկան, ես բարձրաձայն ասում եմ՝ ուրեմն, փաստաթղթերը դիտավորյալ հանել են մեջից, որովհետև էդպես է, քաղաքապետարանն իրավունք ունի 60 հոդվածով փոփոխություններ անելու»։

Նրա խոսքով՝ 2006 թվականին, երբ ընդունվել է քաղաքի հատակագիծը, գրվել է, որ այն ենթակա է փոփոխման, 2023 թվականին նոր հատակագիծ են ներկայացրել, որով տարածքների մեծամասնությանը տրված է եղել շենք-շինություն կառուցելու համար, օրինակ՝ Սայաթ-Նովայի տարածքը տրված է եղել միայն շինություն, բնակելիներ կառուցելու համար։

Ղուկասյանը հայտնեց՝ 2023 թվականի հատակագիծը գործի նյութերի հետ պետք է  համեմատել․ «Ես առաջարկում եմ քաղաքի գլխավոր ճարտարապետը ներգրավվի էս գործին, գա, ինքը բացատրությունները տա, իր մոտ է հատակագիծը, և բոլորի բացատրությունները կարող է հատիկ-հատիկ ներկայացնել։

․․ Էն ժամանակ իրենց մոտ է եղել, մի տեղ է եղել քաղաքի հատակագիծը, ու նրանք են եզրակացությունները տվել, էսօր քաղաքապետին մեղադրել դրա համա՞ր, քաղաքապետը ոչ մի բանից տեղյակ չի եղել, նա պիտի գա, բացատրի, ոչ թե ես քցում եմ նրանց վրա, այլ, որ դրանց բացատրությունները հարյուր տոկոսանոց կան, նրանք չէին կարող սխալ բան անել»։

Դատարանում շարունակվեցին հետազոտվել գրավոր ապացույցները։

Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

Նա, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի՝ կազմել է համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման, համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում

  • ներկայացրել է համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը,
  • կառուցապատողներին տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել ճարտարապետաշինարարական նախագծերը,
  • սահմանված կարգով տվել է շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպել շինարարության ավարտական ակտերը, համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային համապատասխան,
  • աճուրդային եղանակով օտարել է և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման նախագծերը ներկայացրել ավագանու հաստատմանը,
  • համայնքի ավագանու սահմանած կարգով որոշում է կայացրել համայնքի սեփականություն համարվող գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին,
  • կանխել և կասեցրել է ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկել համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել դրանց հետևանքների վերացումը, սույն բնագավառում իրականացնելով պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝ քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնել, հետ վերցնել, վարձակալության տրամադրել, իսկ օրենքով սահմանված կարգով և դեպքերում օտարել համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել