Լրագրողների մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել. Ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը:

Այնտեղ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իր և ներկա գտնվող այլ լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչպես և իրենց հասցեին արել են վիրավորական բնույթի արտահայտություններ: Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին:

Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում և իրականացրել է միմիայն արդարացի քննություն: 

 

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը` azatutyun.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել