Հ1-ում գովազդի տևողությունը կկրճատվի

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը` եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:

Նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային և սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի՝ հաշվի առնելով  բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր տեսանկյունից դրանց կարևորությունը:

«Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների  մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը: Սույն կետի դրույթները չեն տարածվում hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաև հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային և(կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ»,- գրված է նախագծում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել