«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազություն են հրավիրվել նաև Աննա Վոլոդյայի Բաղդասարյանը, Վահան Մոսկովի Բաղդասարյանը և Վահան Արթուրի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ Բաղդասարյանը Հայաստանում Ռուսատանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահն է, «Հայկական վերածնունդ» (նախկինում՝ «Օրինաց երկիր») կուսակցության նախագահը։
Ծնվել է 1968թ. նոյեմբերի 8-ին` Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1985թ. ընդունվել և 1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1988-1989թթ. ծառայել է բանակում:
1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ: 1993թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1994-1997թթ. սովորել և ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով:
1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1995թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների և քաղաքագետների միության նախագահ: