«Ազդարարի՛ր, Հայաստան». նոր ծրագրի մեկնարկը տրված է

Մեկնարկել է Ազդարարման արշավի նոր ծրագիրը, որը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Ծրագրի մեկնարկի միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով։ Շուրջ 40 մասնակից էր մասնակցում պետական մարմիններից, ՔՀԿ-ներից, փորձագիտական համայնքից, միջազգային կազմակերպություններից և այլն, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Մանանդյանը, ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, ԿԿՀ  կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը, ԱԱՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը, ՊԵԿ ՄիջՀՎ միջազգային ծրագրերի իրականացման աջակցման և արարողակարգի բաժնի պետ Արևիկ Ջանազյանը, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողական քննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արամ Շահինյանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Լիլիթ Պիլգոլցյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող Լիլիթ Մարտիրոսյանը, ԿԿՀ վարույթների և իրավական ապահովման վարչության գլխավոր իրավաբան, ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու Արմեն Ավետիքյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության առաջին կարգի մասնագետ Խաչիկ Մանուկյանը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության ավագ մասնագետ Լիլիթ Սյունին, ՄԻՊ օգնական Միլենա Տոնեյանը, ՏԿԵՆ իրավաբանական վարչության գլխավոր իրավախորհրդատու Սիրանուշ Աբրահամյանը, Արդարադատության ակադեմիայի մասնագետ Վարսենիկ Հարությունյանը, ՔԿ իրավաբանական վարչության ՀԿԳ քննիչ Վաղարշ Աղաբեկյանը։

Բացման խոսքեր

Առաջինը բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, ով ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորագույն դերը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք:

«Արդեն իսկ ներդրված ջանքերի արդյունքում, եթե մեկ տարի առաջ ազդարարումների ամսական թվերը 5-8-ի սահմաններում էին տատանվում, նախորդ եռամսյակի ընթացքում արդեն ամսական 25-30 ազդարարում ենք ստանում։ Գլխավոր դատախազության հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում գիտենք նաև, որ ազդարարումների որակական ցուցանիշներն են աճել»,-նշեց Լիանա Թովմասյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանի բարեվարքության ծրագրի (ՀԲԾ) տնօրենի տեղակալ Քրիստինե Հովհաննիսյանը նշեց, որ բարձր են գնահատում ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ կառավարող օղակների հետ համագործակցությունը։

«Այս ծարգիրը մենք մշակել և իրականացնելու ենք ինչպես ՀԿ-ի, այնպես էլ Արդարադատության նախարարության հետ։ Պետք է նշեմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը մի քանի ռազմավարական ուղղություններով։ Առաջինը՝ ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտները և բարեվարքության համակարգերը Հայաստանում, երկրորդը, որը նվազ կարևոր չէ, օրենսդրական բարեփոխումներն են, ինչպես նաև լայն հասարակության իրազեկումը կոռուպցիայի կանխարգելման միջոցների վերաբերյալ»,-նշեց Քրիստինե Հովհաննիսյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ ցավալի էին այն ցածր արդյունքները, որոնք կային ազդարարման համակարգի գործարկումից ի վեր։ Ռեսուրսը, որը ներդրվել էր համակարգի զարգացման համար, իր արդյունքը չէր տվել։

«Գաղտնիք չեմ ասի, որ համակարգի ներդրման օրվանից դրա վերաբերյալ իրազեկման լայնածավալ աշխատանքներ չէին կատարվել։ Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ պիտի աշխատենք, որպեսզի մարդիկ հասկանան՝ ազդարարները օրինապահ քաղաքացու կերպարներ են, ովքեր չեն հանդուրժում կոռուպցիան, չեն հանդուրժում իրավախախտումները և օժանդակում են պետությանը՝ այս պայքարի շրջանակներւմ»,-ընդգծեց Սյուզաննա Սողոմոնյանը։

Զեկույցներ

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը նշեց, որ նախորդիվ արդեն իսկ իրականացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստում-միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի ՏԻՄ ներկայացուցիչների (ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակազմերի և ազդարարման հարցերով պատասխանատուների) համար՝ ընդգրկելով ավելի քան 300 մասնակիցերի:

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը համաձայնեց՝ իրազեկման աշխատանքները կարևոր նշանակություն ունեն համակարգի կայացման համար։ Դեռևս հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ժամանակ նախարարությունում արդեն հասկացել են, որ այն պարբերաբար վերանայման և լավարկման կարիք ունի։ 

«Նաև ռազմավարության մշակման շրջանակներում են աշխատանքներ տարվել, խնդիրներ վեր հանվել։ 2022-ին օրենսդրական կարևոր փոփոխություններ են կատարվել, որոնք բխում էին ինչպես ՀՀ-ի միջազգային պարտավորություններից, այնպես էլ հրատապ խնդիրները հաղթահարելու անհրաժեշտությունից։ Պետք է նշեմ սակայն, որ պրակտիկ խնդիրների հաղթահարման համար համակարգի ամբողջական վերանայման անհրաժեշտություն կա՝ սկսած ազդարարման տեսակներից»,-նշեց Եփրեմ Կարապետյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանի խոսքով՝ «Ազդարարի՛ր, հայաստան» ծրագրի շրջանակներում ուղղակի առնչություն են ունենալու 600 շահառուի, իսկ անուղղակի՝ 360 հազար շահառուների հետ։ 600-ի մեջ են ներառված ինչպես բիզնես կազմակերպություններ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, այնպես էլ ՔՀԿ ներկայացուցիչներ, հանրային ծառայողներ և փորձագետներ։ 

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում՝ 4 մարզերում և Երևանում։ Թիրախ մարզերն են Շիրակը, Գեղարքունիքը, Տավուշը և Լոռին։ Դասընթացների արդյունավետությունը ստուգվելու է հատուկ հարցաշարարերի միջոցով։ Մանսակիցները նույն հարցաշարին  պատասխանելու են մինչև դասընթացի սկիզբը և դրանից հետո։ Ակնկալվում է առնվազ 40 տոկոս գիտելիքների աճ»,-ասաց Մարիամ Զադոյանը։ 

Հարց ու պատասխան

Ներկաները հարցեր ուղղեցին ինչպես փորձագետներին, այնպես էլ նախարարության ներկայացուցիչներին, որոնք վերաբերում էին ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հասարակության մեջ ընկալումների փոփոխություններին, ազդարարման վերաբերյալ նյութերի հրապարակմանը և տարածմանը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումեները:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել