«Խնդրեմ, պարոն Կոստանյան, Ձեզ մի դեպք». Անահիտ Բաշխյանը` ՄԻՊ զեկույցի հետ չհամաձայնող դատախազին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` պահանջելով ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանին պատասխանատվության կանչել Շենգավիթի դատախազությանը:

Գրառման մեջ ասվում է.

«Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրեն, ներկայումս ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանի նկատմամբ երեկվա դատավարությունը, որի համար հիմք էր ծառայել Շենգավիթի քննչական բաժնի և դատախազության մեղադրական եզրակացությունը, հերթական ծաղրն էր արդարադատության նկատմամբ: Շենգավիթի դատախազության եզրակացության մեջ բացակայում էին ապացուցված մի շարք դրվագներ, որոնց ներառելու դեպքում ամբաստանյալը դատապարտվելու էր առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացման մեղադրանքով, որի վրա համաներումը չէր տարածվելու:

Դու՛ք, հարգելի դատախազներ, հասկանո՞ւմ եք ինչ արեցիք: Դուք հերթական անգամ հիմնավորեցիք հասարակության մեջ հաստատված համոզմունքը, որ իշխանության բոլոր օղակներում են գողանում ու դրա չնչին մասը վերականգնելով, դատարանի միջոցով խրախուսվում է գողությունը մեր պետության մեջ: Եվ դեռ ՀՀ գլխավոր դատախազը ՄԻՊ զեկույցի հետ չհամաձայնելով, ընդամենը մեկ դեպքի մասին է ուզում տեղեկանալ: Խնդրեմ, պարոն Կոստանյան, Ձեզ մի դեպք, երբ 2009 թվականից մինչ հանցագործության մասին իմ հայտարարությունը, դպրոցում լաբորանտ է աշխատել հաշվապահի եղբայրը, յուրացրել 1,187,424 դրամ, որն ապացուցված էր այնքանով, որ կառավարության 2010 թվականի N 1391 որոշմամբ հստակ սահմանած է լաբորանտի պարտականությունները, սակայն նշված անձը, դպրոցի որոշ ուսուցիչների և մինչև 2013թ. հունիսի 1-ը գործող տնտեսական գծով փոխտնօրենի վկայությամբ ակնհայտորեն չի կատարել մասնավորապես հետևյալ կետը. «լաբորատոր փորձից առաջ սովորողներին պարզաբանում է տվյալ լաբորատոր աշխատանքի անվտանգության կանոնները և դասավանդող ուսուցչի հետ համատեղ ապահովում դրանց կատարումը» , իսկ Շենգավիթի դատախազության ներկայացրած եզրակացության մեջ այս դրվագը չի ներառվել: Չի ներառվել նաև 2011 թվականին պետական բյուջեի հաշվին գնված տնային գույքի յուրացման փաստը, երբ այդ գույքը մայիս ամսից դպրոցի գարաժում փակված է: Եթե Շենգավիթի դատախազությունը ուղիղ մտքով ու աչքերով կարդար Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած փորձաքննության եզրակացությունը թե՛ ՀՀ ֆինանսների նախարարության կատարած ստուգման և թե՛ վերջին 4-5 տարում պետական բյուջեով դպրոցի ձեռք բերած գույքի մասին, ապա բոլորովին այլ մեղադրական եզրակացություն կգրվեր: Արդյունքում հասարակությունը կհասկանար, որ դատախազությունը պաշտպանում է պետական շահը, ինչին կոչված է, այլ ոչ թե պետության գրպանը անօրեն կերպով մտած տնօրենի և նրան հովանավորողների շահը: Եզրակացությունս պարզ է, ինչպես ժողովուրդն է ասում.«շունը շան թաթ չի կծի» և նման պարագաներում դուք բոլորդ դառնում եք նման հանցագործների հովանավորները, որոնց մասին Սերժ Սարգսյանն է ասել.«Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցանքը: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»: Փաստենք, որ մեկ տարի առաջ Նախագահի ասածները շարունակում են մնալ ձայն բարբառո հանապատի, կոռուպցիան զորեղ է»:

 

Լուսանկարը` lragir.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել