Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման մեկ օրի դիմաց»,–ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։
Առուշանյանը հումորով է մոտենում իրեն 1 տարի 8 ամսի 3 օր կալանավորելու որոշմանը։
«1 տարի 8 ամիսը հումորով կասեմ` «շակալադնի» է։ Եթե նախադեպը չկա, ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ։ Մենք մեր գաղափարների մեր սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ Մի բան կարող եմ ասել` մեր ոգին անկոտրում է, սա մեր համար ոչ մի բան է»,–ասաց նա։