Ավագանու 3 անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել․ հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ի նիստին

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ կքննարկի ավագանու 3 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նրանք են՝ Անուշ Գինոսյանը, Անույշ Խուդավերդյանը և Գրիգոր Երիցյանը։

Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները առաջարկում են դադարեցնել հենց նրանց՝ «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահան Ավագյանը և Վահե Եսայանը։ Նշվում է, որ վերջիններս բացակայել են 2024 թվականի փետրվար-հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ բացակայելով տեղի ունեցած 29 քվեարկություններից 16-ից:

Գրիգոր Երիցյանին մանդատից առաջարկում է զրկել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, սակայն Երիցյանը, ով հանդիսանում է ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից:

«․․․Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից: Գրիգորի Երիցյանի կողմից իր բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել»,-նշել է Թոխյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել