Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել

Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել․

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հայտնում է, որ Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:

Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ:

Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում:

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։

Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝

դող,

ջերմության բարձրացում՝ 38-40°С,

գլխացավ,

տարածուն մկանացավեր, հոդացավեր,

փսխում,

փորլուծություն,

մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝

սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,

ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,

անզուսպ փսխումներ,

լուսավախություն,

ջղաձգումներ, ցնցումներ,

գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝

տարեցները,

սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,

ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,

շաքարային դիաբետ ունեցող անձինք,

քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել