14 երկրներում ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել․ Լևոն Ազիզյան

14 երկրներում ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2024 թվականին 14 երկրներում ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել, գրում է Guardian պարբերականը՝ մեջբերելով կլիմայագետ Մաքսիմիլիանո Հերերային։ Թերթի մեջբերված տվյալների համաձայն՝ 2024 թվականին ջերմաստիճանի նոր բացարձակ առավելագույններ են սահմանվել Կոստա Ռիկայում՝ 41,5 °C, Կոմորում՝ 36,2 °C, Կոնգոյում՝ 39,6 °, Մալդիվներում՝ 35,1 °, Տոգոյում՝ 44°, Մալիում՝ 48,5°, Բելիզում՝ 42,3°, Չադում՝ 48°, Կամբոջայում՝ 42,8°, Գանայում՝ 44,6°,  Լաոսում՝ 43,7°, Պալաուում՝ 35,6°, Եգիպտոսում՝ 50,9°, Մեքսիկայում՝ 52°։

«Ծայրահեղ ջերմային երևույթների այս թիվը գերազանցում է այն ամենը, ինչ երբևէ նկատվել է կամ նույնիսկ հնարավոր է համարվել նախկինում: 2024 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հուլիս ամիսները ամենաբարձրն են եղել բոլոր վիճակագրական տվյալներում»,- Հերերայի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Պարբերականը նշում է, որ 2024 թվականին տարբեր երկրներում գրանցվել են նաև 130 ամսական ջերմային ռեկորդներ, իսկ տասնյակ հազարավոր տեղական առավելագույններ գրանցվել են աշխարհի տարբեր մոնիտորինգային կայաններում։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ, գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարում: Դրան կնպաստեն ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա-Նինայից մինչև Էլ-Նինյո: Այս երեւույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։ Հոսանքների փուլերի փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա-Նինայի ժամանակ մթնոլորտից ջերմությունն ինտենսիվորեն գնում է դեպի օվկիանոս, իսկ Էլ-Նինյոյի ժամանակ հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Փոխանակման գործընթացը սկսվել է 2023 թվականի ամռանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել