Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում:
«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Լրացված
Հրապարակման լուսանկարը փոփոխվել է, քանի որ «00օօ000» պետհամարանիշը երբեք տեղադրված չի եղել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վրա, իսկ Պետհամարանիշի սեփականատերը, ինչպես նաև վերջինիս հարազատները, բարեկամները կամ ծանոթները որևէ առնչություն չունի նշված դեպքի հետ։