Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվի հանցանքների դեմ՝ այս համատեքստում օգտագործելով նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29): Նա այս մասին բաց նամակ է գրել:
«Հայե՛ր, դուք՝ վերածնված 1915 թվականի Ցեղասպանության մոխիրներից, կանգնած եք որպես տոկունության և մարդկային հարատև ոգու վկայություն: Այսօր դուք ունեք եզակի ուժ՝ պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային ասպարեզում: Դուք կարող եք հանրայնացնել նախագահ Իլհամ Ալիևի բոլոր չարաշահումները: Նա թիրախավորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում և վայրագություններ իրականացրել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում/Արցախում՝ միաժամանակ կեղծավորաբար իր երկիրն առաջատար ներկայացնելով կլիմայական գլոբալ քննարկումների շրջանակում:
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (COP29), որը կկայանա այս նոյեմբերին Ադրբեջանում, բացառիկ հնարավորություն է տալիս լույս սփռելու այս լուրջ անարդարությունների վրա: Չնայած Ադրբեջանն այս միջոցառումը ներկայացնում է որպես «խաղաղության համաժողով», սակայն հայերը կբացահայտեն Ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին ճշմարտությունը։
Դուք, ցրված ամբողջ աշխարհով մեկ, եզակի հնարավորություն ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին և ձեր հողը, այլև արդարության և բնապահպանական ամբողջականության ավելի լայն շահերը: Դուք կարող եք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ համայնքներին՝ անդրադառնալով մեր ժամանակի երկու ամենահրատապ խնդիրները՝ կլիմայի փոփոխությունը և ցեղասպանությունը», – նշել է Օկամպոն:
Նա ընդգծել է, որ COP29-ի անցկացման ընթացքում զինադադար հաստատելու մասին Ադրբեջանի առաջարկը դատարկ է, քանի դեռ Բաքվում պահվող հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալները անվերապահորեն ազատ չեն արձակվել։
«Բավարար չէ պարզապես քննարկել միջազգային իրավունքի սկզբունքները. դրանք պետք է ակտիվորեն կիրառվեն։ Հայ համայնքի ղեկավարները և քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչև կլիմայի ակտիվիստներ, միջազգային իրավունքի սկզբունքները կյանքի կոչելու համար: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնը և ապահովել Կլիմայի փոփոխության և ցեղասպանության մասին կոնվենցիաների պահպանումը:
Ես պաշտպանում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը հակասում է կեղծավորությանը և պահանջում իսկապես խաղաղ COP29: Մեր առաջին քայլն է համախմբել աշխարհի հայ համայնքը և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգները, և դուք կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Դրանց օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կստանան, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն գլխավոր լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը COP29-ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և հասարակական կազմակերպություններին կստիպեն Ադրբեջանի առաջ բարձրացնել հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը:
Նպատակը պարզ է. COP29-ը, որն իսկապես հանդես է գալիս խաղաղության օգտին, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ: Պատրաստվե՛ք, հայ համայնքնե՛ր, հուլիսի 23-ին կմեկնարկի իսկապես խաղաղ COP29-ը։
Դուք ունեք հանձնառություն և վճռականություն՝ ղեկավարելու այս փոխակերպիչ շարժումը: Համախմբելով համաշխարհային համայնքները՝ դուք կարող եք երաշխավորել, որ COP29-ն անդրադառնա ոչ միայն կլիմայի փոփոխությանը, այլև պաշտպանի մարդու իրավունքները և արդարությունը:
Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. օգտագործեք ձեր ձայնը: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ», – եզրափակել է նա: