Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել են իրենց պաշտոնական էջերում։

Զելենսկին շնորհավորել է Թրամփին Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ և դատապարտել Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձը։

«Նրան ուժ և բացարձակ անվտանգություն մաղթեցի», – X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ ռուսական ահաբեկչությանը դիմակայելու աջակցության համար։

«Ռուսական հարձակումները մեր քաղաքների և գյուղերի վրա շարունակվում են ամեն օր։ Մենք պայմանավորվեցինք նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլերով կարող ենք հասնել արդար և տևական խաղաղության», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել