Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն Իրանը համարում է քաջ և դրական

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Պաղեստինը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշումն՝ այն համարելով քաջ և դրական քայլ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչմանը։

Դեսպանը նշեց, որ Իրանն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն արտահայտել է և վերահաստատեց Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման գործընթացի կապակցությամբ։

«Դուք շատ լավ գիտեք, որ մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է՝ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական վարչակարգը։ Ընդգծելով մեր այդ սկզբունքը՝ մենք ողջունում ենք Պաղեստինը ճանաչելու և նրա ժողովրդին աջակցելու հարցում Հայաստանի Հանրապետության որդեգրած այդ դիրքորոշումը և ընդունած որոշումը։ Հայաստանի կողմից կատարված այս քաջ և դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն, իսկապես, կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներն, ինչպես նաև դեմ է հանդես գալիս Պաղեստինի տղամարդկանց, կանանց և երեխաների իրավունքների խախտմանը, որը դրսևորվում է սիոնիստական վարչակարգի կողմից»,- ընդգծեց դեսպանը և հավելեց, որ այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին ու նրա ժողովրդի իրավունքները, գտնվում են պատմության ճիշտ կողմում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին նաև հավելեց, որ այն, ինչն իրականացվում է Պաղեստինի ժողովրդի դեմ, հայտնի է բոլորին, սակայն այն երկրները, որոնք լռում են այդ հանցագործությունների մասին և համարում են, որ Իսրայելի կողմից այդ ամենն իրականացվում է պաշտպանական նկատառումներից ելնելով՝ մասնակից են այդ հանցագործություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել