Ինչպե՞ս են քրեական դատավարությանը մասնակցող անձինք իրազեկվում իրենց իրավունքների մասին

Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները և նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալներ, որոնց կարող է բացարկ հայտնվել:

Դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը: Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսվելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները: Վկային նրա իրավունքները և պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` նրա առաջին հարցաքննությունից առաջ, և կրկին` դատական նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել