Երեխաներն ինքնագլորներով (սկուտերներ) չեն կարողանա երթևեկել․ նոր կանոններ կսահմանվեն

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը։ Կառավարությունը որոշել է դրանք վարելու համար կանոններ սահմանել։ Կանոնները կսկսեն գործել 2025-ի սեպտեմբերի 1-ից։

Նախագծով սահմանվել են անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող հետևյալ պահանջները․

  1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է,

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտեր), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

  1. Երթևեկելի մասում անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
  2. Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
  3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։
  4. 5. Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։
  5. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժին, ապա անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։
  6. 7. Արգելվում է անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ),
  7. 8. Արգելվում է մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով,
  8. 9. Արգելվում է ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու,
  9. 10. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով,
  10. 11. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,
  11. 12. Արգելվում է օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերևույթով՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը,
  12. 13. Արգելվում է ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով,
  13. 14. Արգելվում է անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաև անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը,
  14. 15. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու կողմից արգելված վայրերում և թունելներում։

Նախագծով սահմանվել է, որ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում։

Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանվում են համայքի ավագանու կողմից։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է

  • անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
  • ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,
  • ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,
  • անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) և ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար՝ տուգանքի նշանակում` կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
  • անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղևոր կամ բեռ տեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
  • անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում` կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
  • վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել