Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այն ընդունվեց ձայների 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգով ելույթ ունեցավ։
«Մեր խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է այս նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը, ինչպես որ անընդունելի էր նաև առաջին տարբերակը։ Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որպեսզի շտկվի և այն մտահոգությունները, որոնք կային հանրության մեջ, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից բարձրացված, անտեսվել են, առհամարվել են»,-նշեց նա։
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը:
Առաջարկվում է առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հիշեցնենք, որ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Մայր Աթոռը՝ ընդգծելով, որ խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ․ «Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:
Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը»:
Նշենք, որ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից: Օրենքն ամբողջությամբ կընդունվի, երբ այն ստորագրի Հանրապետության նախագահը։