«Վահան Քերոբյանը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրենի հետ»․ Տիգրան Եգորյան

Մամուլում չկա տեղեկություն, որ Վահան Քերոբյանը հանդիպել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին, նշվում է, որ հանդիպումներ են եղել՝ առանց մանրամասների, թե ով ում հետ, այդպիսի տեղեկատվություն չկա և այդպիսի բան չի եղել․ այս մասին այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ խոսելով գործի մանրամասների և իրենց կատարած դիտարկումների վերաբերյալ։

Նա նշեց, որ վահան Քերոբյանը մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով որ տեղեկություններ է ստացել իր տեղակալի կողմից։ «Այդ տեղեկությունները չեն ստացվել ինչ-որ պարտադիրության ուժով, որովհետև անկախ նրանից, որ Վահան Քերոբյանը եղել է Էկոնոմիկայի նախարար, մյուսը՝ փոխնախարար, այս մրցույցի շրջանակներում գործել է անկախ մարմին՝ մրցութային հանձնաժողով, որը ենթակա չէ նախարարին»,-ասաց փաստաբանը։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, որ նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը նույնպե՞ս չի հանդիպում չի ունեցել «Սիներջի» ընկերության ներկայացուցիչների հետ, նշեց, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարկել։ Բացի այդ, հանդիպումների մասով խնդիր չկա, քանի որ այդ հանդիպումները, որոնք մամուլում առկա են, այն մասին չեն, որ տեղի է ունեցել ինչ-որ մեկի կողմից կամ հօգուտ մեկի խախտում, որովհետև մրցույթների շրջանակներում մրցութային հանձնաժողովը կամ դրա անդամները բազմաթիվ հանդիպումներ ունենում են մրցող տարբեր կազմակերպությունների հետ։


Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)։

Փետրվարի 16-ին դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, որոշել է բավարարել մեղադրական կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել