Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ․ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում, իսկ միջկառավարական հանձնաժողովի նիստերի նախագահումը երկու երկրների վարչապետների մակարդակով խոսում է երկկողմ հարաբերությունների արժևորման մասին:

Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ, իմ լավ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի բոլոր մասնակիցներին։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրաց գործընկերներին ավանդական ջերմ ընդունելության համար:

Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Այս առումով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն իր կարևոր տեղն ունի կողմերի միջև տնտեսական կապերը խորացնելու և ամրապնդելու գործում։

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տրանսպորտը, կապը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Կարևորում եմ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը, որը մեր երկրների հարաբերություններին կհաղորդի նոր որակ և բովանդակություն:

Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Համոզված եմ, որ սա առավելագույնը չէ, և առաջիկա տարիներին ևս առևտրաշրջանառության դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության խորացման»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում առկա իրողություններով պայմանավորված՝ նոր հնարավորություններ են ստեղծվել համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար: Այս առումով հատկանշական է, որ որոշում է կայացվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ:

«Վստահ եմ, որ այս ձևաչափը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել