«Գործ չտվողների» պատճառով մենք 4-5 հազար զոհ ունեցանք և հսկայական տարածքների կորուստ․ Հովսեփ Խուրշուդյան

Ազդարարման համակարգի մասին հանրային իրազեկումը թույլ է, պետք է իրազեկման ակտիվ արշավ կատարվի՝ դրա առկայության և կարևորության մասին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշեց, որ ազդարարման հետ կապված քաղաքացիների մոտիվացիան պետք է պետք է հիմնված լինի գիտակցման վրա։

«Նշվեց, որ պատերազմում մենք պարտվել ենք նաև կոռուպցիայի պատճառով, որը սողոսկել էր նաև բանակ, պետական մյուս բոլոր համակարգերը։ Պարզ է չէ՞, որ եթե հրթիռ են գնում ու այդ հրթիռը չի թռնում, որովհետև այդ հրթիռն անպիտան է եղել, բայց էժան գնել ու թանկ ցույց են տվել պետության վրա և այդ արանքի գումարը գրպանել են։ Նույն Պաշտպանության նախարարությունում մի ամբողջ շղթա է անցել այդ հրթիռի գնման հաստատումները, փորձարկումները, ստուգումները։ Փաստորեն ոչ մեկ իր պարտքը չի համարել ազդարարել, որ այդտեղ կա ռիսկ՝ կոռուպցիոն ռիսկ, խախտում կա, որ այդ հրթիռը չի կրակելու, չի թռնելու։ Ասել են՝ դե մեր ծանոթն է, մեր վերադասն է այդտեղ օգտվում արանքում, ընտանիք է պահում, մենք հո «գործ տվող» չենք չէ․․․ Այդ «գործ չտվողների» պատճառով մենք 4-5 հազար զոհ ունեցանք ու հսկայական տարածքների կորուստ, որովհետև մենք «գործ տվող» չենք, որ նման բաներ տեսնում ենք՝ չի կարելի ասել, որ դատախազությունը դրանով չզբաղվի, ոչինչ, թող թալանեն մեր պետությունը, ուտեն մեր երիտասարդների գլուխները, կարևորը դա չէ, կարևորը, որ մենք «գործ տվող» չլինենք»,-նշում է Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ այս հոգեբանությունը կարծրացած է պետական բոլոր համակարգերում։ «Այնպես էլ մի անուն գտել են՝ «գործ տվող», ասենք իրենց պագոնների տակ, որ քրեական բոլոր օրենքներով ամենաստորին խավին են պատկանում, եթե այդ օրենքներով են իրենք պատրաստվում ապրեն, ուրեմն պետք է ընդունեն, որ իրենք ամենաստորին խավի ներկայացուցիչներն են»,-ասում է Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշում է, որ եթե սպան բարեկիրթ է, հայրենիքն է պաշտպանում, ուրեմն ժողովրդի համար հարգելի անձ է, պատվավոր դերակատարություն ունի, և նա պետք է օրենքներով առաջնորդվի, որն իր ուսադիրներն էլ են թելադրում, ոչ թե, նման «գաղափարախոսություն» վարի։ Հովսեփ Խուրշուդյանը նշում է, որ որոշներն ընդունում են դա, որպեսզի արանքում իրենք էլ օգտվեն․ «Այդպես կերան, փչացրին բանակը։ Հռետորաբանությունն էլ․․․ աջ ու ձախ ասում էին՝ տարածաշրջանի ամենահզոր բանակը, ոչինչ, որ մենք թալանում ենք, մենք ունենք ամենահզոր բանակը։ Տեսանք ամենահզոր բանակը, որ զինվորների քաջությունն ու արյունը չհերիքեցին, որ ձեր թալանածը փոխհատուցենք ինչ-որ ձևով ու չպարտվենք պատերազմում»։

Ազդարարման կարևորությունը գալիս է մարդկանց գիտակցությունից։ Երբ քաղաքացիները գիտակցեն, թե ինչը ինչից հետո է գալիս՝ կազդարարեն։ Այդ կարծատիպերի փոփոխման համար պետք է մարդկանց գիտակցության մակարդակը բարձրանա և դա կատարվի մամուլի միջոցով նաև, իսկ ամենը սկսվի դպրոցներից։

«2017-2018 թվականներին հարցում էր իրականացվել, որտեղ կոռուպցիոն դրսևորումների մասին մարդկանց հարցրել էին, թե եթե ինչ-որ մարդ ազդարարում է՝ ինչպես են վերաբերվում դրան և 56 տոկոսն ասել էր՝ դրական։ Եթե հանցագործություն է արվում, կոռուպցիայի դրվագ են տեսնում՝ ազդարարում են, որ պատասխանատվության ենթարկեն, քանի որ դա պետությունը քայքայում է։ Բայց երբ հարց էին տվել, թե դուք ինքներդ պատրա՞ստ եք ազդարարել՝ ընդամենը 5 տոկոսն էր ասել՝ այո։ Սա անընդունելի է, մենք այսպես պետություն չենք կառուցի»,-նշում է նա։

Խոսելով այլ երկրների փորձի մասին՝ նա նշեց, որ պետք է ազգային մտածելակերպ փոխվի, քանի որ պետությունից գողանալը նույնն է, ինչ հարևանից գողանալը։ «Իսկ մեզ մոտ ասում են, թե չէ՝ հարևանից գողությունը գողություն է, իսկ պետությունից գողությունը՝ «շուստրիություն», «ընտանիք պահել» է»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Ազդարարել կարելի է ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործարկվող azdararir.am հարթակի միջոցով՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ անանուն։ 

Հավելենք նաև, որ արդեն գործարկվել է նոր կայք՝ Haytnir.am-ը, որի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։

Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել